Նորություններ

Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվեց կենդանիների անեսթեզիայի և մարդասիրական էվթանազիայի թեմայով վերապատրաստման դասընթաց



2026 թվականի հունիսի 25-ին Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվեց վերապատրաստման դասընթաց լաբորատոր կենդանիների հետ աշխատող գիտաշխատողների և կենդանիների խնամքով զբաղվող անձնակազմի համար։ Դասընթացը վարեց Կենդանիների խնամքի և օգտագործման ինստիտուցիոնալ կոմիտեի (IACUC) անդամ Միխայիլ Պոլիակովը, ով մեծ փորձ և մասնագիտական գիտելիքներ ունի կենդանաբուժության, լաբորատոր կենդանիների պատշաճ խնամքի և մարդասիրական օգտագործման ոլորտում։ Նա ներկայացրեց կենդանիների անզգայացման մեթոդները, անզգայացման խորության գնահատման սկզբունքները, ինչպես նաև մարդասիրական էվթանազիայի իրականացման և կենդանու մահվան հաստատման եղանակները։
Մասնակիցները ծանոթացան նաև կենդանու կենսական ցուցանիշների գնահատման մեթոդներին՝ առանց մասնագիտացված սարքավորումների կիրառման։

Վերապատրաստման գործնական փուլում մասնակիցները ծանոթացան մկների մոտ ներորովայնային ներարկային անեսթեզիայի ինդուկցիայի և դրա պահպանման սկզբունքներին, ինչպես նաև ինհալացիոն անեսթեզիայի առանձնահատկություններին։ Նրանք հնարավորություն ունեցան գործնական վարժությունների միջոցով կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները։

Վերապատրաստման հիմնական նպատակն էր մասնակիցներին զինել գիտելիքներով ու գործնական հմտություններով, որոնք կօգնեն կանխարգելել կենդանիների մոտ անեսթեզիայի գերդոզավորման, դրանց անցանկալի մահվան և անեսթեզիայից անսպասելի վերականգնման հետ կապված դեպքերը։ Այս ուղղությամբ մասնագիտական կարողությունների ամրապնդումը նպաստում է կենդանիների բարեկեցության բարձր չափանիշների ապահովմանը և հետազոտական գործունեության որակի շարունակական բարձրացմանը։

Առաջիկա օրերին նախատեսվում է կազմակերպել նույն թեմայով ևս մեկ վերապատրաստում երկրորդ խմբի համար, որպեսզի լաբորատոր կենդանիների հետ աշխատող ինստիտուտի բոլոր աշխատակիցները ստանան նույն գիտելիքներն ու գործնական հմտությունները։