Select an Item


Կենսաբանական վտանգներ են հանդիսանում վարակիչ ագենտները կամ վտանգավոր կենսաբանական նյութերը, որոնք ռիսկ կամ պոտենցիալ ռիսկ են ներկայացնում մարդկանց և կենդանիների առողջության կամ շրջակա միջավայրի համար: Դրանք ներառում են ռեկոմբինանտ ԴՆԹ-ի որոշ տեսակներ, մարդկանց, կենդանիների կամ բույսերի համար վարակիչ օրգանիզմներ և վիրուսներ (օրինակ՝ մակաբույծներ, վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, պրիոններ և ռիկետսիաներ), ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ ագենտներ (օրինակ՝ տոքսիններ, ալերգեններ և թույներ), որոնք կարող են հիվանդություն առաջացնել այլ կենդանի օրգանիզմներում կամ զգալիորեն ազդել շրջակա միջավայրի կամ հանրության վրա:

Վտանգավոր կենսաբանական նյութեր ներառող հետազոտությունները կարևոր են բժշկության և գիտության զարգացման համար: Դրանք սկիզբ առան, երբ հայտնաբերվեցին միկրոօրգանիզմները և բացահայտվեց նրանց դերը հիվանդությունների առաջացման գործում, ինչը հանգեցրեց հակամիջոցների մշակմանը:
Այնուամենայնիվ, այս տիպի հետազոտությունը նաև պոտենցիալ վտանգ է ներկայացնում անձնակազմի,հանրության և շրջակա միջավայրի համար:

Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը պարտավորվում/ձգտում է ապահովել անվտանգ
միջավայր հետազոտությունների իրականացման, ուսուցման և աշխատանքի համար: Անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվել է Կենսանվտանգության ինստիտուցիոնալ կոմիտե (IBC), որը վերահսկում և հաստատում է կենսավտանգների հետ կապված հետազոտությունները, ինչպես նաև սահմանում ընթացակարգեր կենսավտանգավոր նյութերի գնման, օգտագործման, պահպանման, փոխադրման և հեռացման համար: ԿԻԿ-ն աշխատում է Կենդանիների խնամքի և օգտագործման ինստիտուցիոնալ կոմիտեի (IACUC) և Մարդկային հետազոտությունների էթիկական կոմիտե (IRB) հետ համագործակցությամբ:

Ինստիտուցիոնալ կենսանվտանգության ձեռնարկը ծառայում է որպես տեղեկատվության, քաղաքականությունների և ընթացակարգերի ռեսուրս և ապահովում է անվտանգ աշխատակարգեր, որպեսզի նվազագույնի հասցվի կամ վերացվի կենսաբանական վտանգների հնարավոր ազդեցությունը:

Վտանգավոր կենսաբանական նյութերով հետազոտություններ իրականացնող ինստիտուտի աշխատակիցներից և ուսանողներից պահանջվում է անցնել «Կենսանվտանգության ներածություն» դասընթացը, որը հասանելի է առցանց:

Կենսանվտանգության ինստիտուցիոնալ կոմիտեն (ԿԻԿ) հաստատում է կենսաբանական ագենտների օգտագործումը, մշակում է կենսանվտանգության քաղաքականություն և ապահովում է ինստիտուտի

կենսանվտանգության գործառույթների վարչական վերահսկողությունը՝ լաբորատոր կենսանվտանգության
ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Եթե ձեր հետազոտությունը ներառում է կենսաբանական վտանգներ, այն պետք է ուսումնասիրվի և
հաստատվի Կենսանվտանգության ինստիտուցիոնալ կոմիտեի կողմից: Կենսաբանական ագենտների
օգտագործման թույլտվությունը պետք է թարմացվի յուրաքանչյուր երեք տարին մեկ: Հետազոտական
նախագիծը պահանջում է հաստատում, եթե այն ներառում է.

● ախտածին միկրոօրգանիզմներ և վիրուսներ
● մարդուց վերցված նյութեր
● կենսաբանական տոքսիններ
● կենդանու հյուսվածքներ, որոնք կարող են առաջացնել զոոնոզային հիվանդություններ։

ԿԻԿ-ը հանդիպելու է երկու ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ, որքան կպահանջվի նախագծերի
կարիքները բավարարելու համար: Քվորումի համար պետք է քվեարկող անդամների ավելի քան
50%-ը, դա պահանջվում է ԿԻԿ-ի հանդիպումներում որոշումներ կայացնելու համար: ԳՀ-երին (Գլխավոր

հետազոտողներին) խորհուրդ է տրվում մասնակցել ԿԻԿ հանդիպումներին՝ քննարկելու նոր առաջարկված հետազոտությունները: Քննարկման արդյունքում ԿԻԿ-ը կարող է հաստատել նախագիծը, պահանջել
փոփոխություններ մտցնել կամ մերժել այն: Աննշան փոփոխությունները կարող են հաստատվել ԿԻԿ
նախագահի կողմից՝ առանց լիագումար նիստ հրավիրելու:

ԿԻԿ անդամներից ոչ մեկը չի կարող մասնակցել այն նախագծի քննարկմանը կամ հաստատմանը, որում նա ներգրավված է եղել կամ պատրաստվում է ներգրավվել (բացառությամբ ԿԻԿ կողմից պահանջվող
տեղեկատվություն տրամադրելու համար):

Հետազոտական նախագծերը, որոնք դասակարգված են որպես Կենսանվտանգության մակարդակ 1 կամ 2 (BSL-1 կամ BSL-2) և Կենդանիների կենսանվտանգության մակարդակ 1 կամ 2 (ABSL-1 կամ ABSL-2), պահանջում են ԿԻԿ-ի կողմից քննարկում և հաստատում: Թույլտվության հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղ

Ինստիտուտը չի իրականացնում Կենսանվտանգության մակարդակ 3 /BSL-3/ և Կենսանվտանգության
մակարդակ 4 /BSL-4/ օրգանիզմներ ներառող նախագծեր, ռեկոմբինանտ կամ սինթետիկ
նուկլեինաթթուների մոլեկուլների հետազոտություններ և տրանսգենային կենդանիների ձեռքբերում,
ստեղծում և բուծում։